Մինսկի խմբի անակնկալը. Կարող է բացահայտվել սարսափելի մի բան

 

 

Փաշինյան-Ալիեւ նախատեսվող հանդիպման կապակցությամբ ղարաբաղյան կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունըբավական աղմուկ է առաջացրել Հայաստանում: Ինչպես եւ սպասելի էր, նախորդ վարչակարգի ներկայացուցիչները, ցանցերում դեմքի խելացի ու ամենակարեւորը՝ մտահոգ արտահայտությամբ պարբերաբար հանդես եկող քաղաքական-քաղաքագիտական շրջանակներն ու ԶԼՄ-ներն անմիջապես հեղեղվեցին ապոկալիպտիկ գրառումներով:

Հայտարարությունն ամբողջապես մեկնաբանվեց որպես ուղերձ միայն հայկական կողմին: Նշվեց, թե Մինսկի խումբը մերժում է Արցախի մասնակցությունը բանակցությանը, մերժում է ձեւաչափը փոխելու հայկական կողմի նախաձեռնությունը, եւ ընդհանրապես՝ դա ապտակ էր հայկական կողմին, դիվանագիտական պարտություն եւ այլն:

Հետաքրքիր է, որ Բաքվում, որտեղ ցանկացած առիթ օգտագործվում է իրենց «դիվանագիտական հաղթանակները» ներկայացնելու համար, այս անգամ նույնքան խանդավառ չէին, որքան հայկական այս շրջանակները: Այնտեղ շատ լավ հասկացել են, թե դա ինչ հայտարարություն էր եւ ինչին էր ուղղված:

Համանախագահների հայտարարության մեջ անակնկալն այն էր, որ մանրամասն շարադրվել են այն սկզբունքները, որոնց հիման վրա տարվում է բանակցությունը: Դա կարծես հիշեցում լիներ կողմերին: Ինչո՞ւ էր առաջացել այդ անհրաժեշտությունը: Շատ հետ չգնալու համար նշենք միայն երկու հանգամանք. Փաշինյանի կառավարությունը հայտարարել է Արցախը բանակցության սեղանին վերադարձնելու մտադրության մասին եւ միջնորդների ու Բաքվի առաջ դրել հստակ հարց՝ Ադրբեջանը պատրա՞ստ է արդյոք փոխզիջումների: Երկրորդ հանգամանքն ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հայտարարությունն էր Արցախում, ըստ որի՝ հայկական կողմը ոչ մի հող էլ չի հանձնելու, եւ ավելին, վերաբնակեցնելու է Արցախի տարածքները:

 

 

Մինչ այդ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր հայկական ռազմական դոկտրինի «վերանայման» մասին, մտցնելով հարձակողական տարրը:

Ակնհայտ է, որ կառավարությունը փորձում է այսպես կոչված կարգավորման գործընթացը դուրս բերել հայկական կողմի համար կորստաբեր ընթացքից, որը երկու տասնամյակից ավելի տեղի է ունեցել մի կողմից Արցախը դուրս թողնելու, մյուս կողմից՝ Բաքվի իրավունքները, նախեւառաջ տարածքային, ճանաչելու ճանապարհով, որն ի վերջո հանգեցրեց ապրիլյան պատերազմին:

Արդյոք Փաշինյանի կառավարությունը ձգտում է փոխել բանակցության ձեւաչափը, պնդելով Արցախի մասնակցությունը եւ Վիեննայի օրակարգը: Իրականության մեջ, Երեւանը Արցախի մասնակցությունը պնդելով, ցանկանում է վերականգնել բանակցության լիարժեք ձեւաչափը, ինչն առկա էր բանակցային գործընթացի մեկնարկում: Արցախի ընտրված ներկայացուցիչների մասնակցության ձեւակերպումն արձանագրված է ԵԱՀԿ փաստաթղթերում, եւ դա հնարավորություն չէր տալիս Բաքվին հարցը քննարկել տարածքային իրավունքների համատեքստում: Արցախին բանակցությունից դուրս թողնելը բացեց այդ հնարավորությունը: Ո՞վ դուրս թողեց՝ գիտեն բոլորը:

Համանախագահների հայտարարության մեջ նշվում է ձեւաչափը չփոխելու եւ իրավիճակի լարում առաջացնող գործողություններից ձեռնպահ մնալու անհրաժեշտության մասին: Դա նախեւառաջ վերաբերվում է Բաքվին, որը մի քանի անգամ նման փորձեր է արել, բացի այդ՝ համաձայն է բանակցել միայն մեկ սկզբունքի շուրջ եւ շարունակում է ռազմական շանտաժը:

Այս պայմաններում, Մինսկի խումբը մեջբերում է կարգավորման սկզբունքներն ու փաստացի ասում՝ եթե Բաքուն չի գնում փոխզիջումների, կարող են եւս երկու տասնամյակ քննարկել այդ սկզբունքները:

 

 

Մինսկի խումբը աշխարհքաղաքական միակ ձեւաչափն է, որտեղ Ռուսաստանը, Եվրոպան եւ ԱՄՆ-ն, տարաձայնություններով հանդերձ, համագործակցում են նույն հարթակում: Դա Արցախում ստատուս-քվոյի պահպանման ձեւաչափն է: Մինսկի խումբը երեկ փաստացի հայտարարեց, որ ստատուս քվոն պահպանվում է: Սա էր այդ հայտարարության իմաստը:

Հիմա կրկին գանք վերոհիշյալ շրջանակներին: Հայաստանի կառավարության նոր մոտեցումները նկատելի անհանգստություն ու շփոթ են առաջացրել Բաքվում: Եվ դա հասկանալի է՝ Բաքվի իշխանությունը փաստացի զրկվել է իր համար հարմարավետ գործընթացից, երբ բանակցությունն ընթանում էր իր իրավունքների հաստատման պայմաններում: Դա Բաքվին տալիս էր նաեւ պատերազմի իրավունքը, ինչը եւ նա փորձեց իրականացնել 2016-ի ապրիլին:

Բայց կառավարության նոր մոտեցումները անհանգստացրել են նաեւ Հայաստանի նախորդ վարչակարգի ներկայացուցիչներին: Բանն այն է, որ այդ պարագայում կարող են բացահայտվել շատ հանգամանքներ, եւ թե ապրիլյան պատերազմի, թե Վիեննայի օրակարգը չեզոքացնելու համար դեռ պատասխաններ պետք է տրվեն: Ալիեւի հարմարավետության աղբյուրը Հայաստանի նախորդ վարչակարգերի քաղաքականությունն էր: Եվ գուցե ոչ միայն աղբյուրը:

 

Մինսկի խմբի անակնկալը. Կարող է բացահայտվել սարսափելի մի բան

Be the first to comment on "Մինսկի խմբի անակնկալը. Կարող է բացահայտվել սարսափելի մի բան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ