Հայաստանն իր օրակարգն է թելադրում

 

 

Ալիեւը պատրաստ է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից հետո ասել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:

Հիշեցնենք, որ համանախագահների հայտարարությունում նշվում է, որ միջնորդները նախապատրաստում են Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Մինսկի խմբի հովանու ներքո: Համանախագահները հիշեցնում են Հելսինկիի եզրափակիչ ակտի երեք սկզբունքների մասին, որոնց հիման վրա, նրանց խոսքով, հնարավոր է արդար կարգավորում: Համանախագահներն ասում են, որ այս բոլոր տարրերը պետք է դիտարկել որպես մեկ ամբողջություն, եւ այս կամ այն սկզբունքը կամ տարրն առաջնային համարելու ցանկացած փորձ կարող է խոչընդոտել բանակցություններին:

Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է, որ «որպես առաջին քայլ դիտարկվում է «Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների ազատումը»:

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին, դա չի կարող քննարկվել ի վնաս Ադրբեջանի տարածքային ամբողջականության», – նշված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում:

Ավելի վաղ հայտարարություն էր արել Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Նա բանակցությունների շարունակման նախապայմաններ առաջ չի քաշել՝ ուշադրություն դարձնելով Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությանն ու գործողություններին, որը խախտում է ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը: Աննա Նաղդալյանն ավելացրել է, որ Հայաստանը զենքի սպառնալիքի տակ չի բանակցելու:

 

 

Ինչ վերաբերում է դիրքորոշմանը, ապա «Հայաստանը մշտապես բարձրաձայնել է իր հանձնառությունը և սատարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը, որում առաջնահերթություններ են Արցախի անվտանգությունն ու կարգավիճակը»: «Խաղաղության մթնոլորտի ձևավորումը, ռիսկերի նվազեցման և միջադեպերի կանխարգելման մեխանիզմների և փոխվստահության ամրապնդման միջոցառումների ներդրումը, ինչպես դա ամրագրվել է Դուշանբեի, իսկ մինչ այդ նաև Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների շրջանակներում, շարունակում են մնալ առարկայական», նշում է Նաղդալյանն իր մեկնաբանության մեջ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը վկայում է, որ միջնորդներն առաջին հերթին ձգտում են պահպանել խաղաղությունը տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը: «Մեր տեսլականը չի փոխվել՝ չի կարող լինել վերադարձ անցյալին` սահմանների կամ կարգավիճակի առումով։ Մենք չափազանց թանկ գին ենք վճարել մեր անկախության, մեր անկախ պետության, ազատ, հայոց հայրենիք կերտելու համար։ Արցախի Հանրապետությունն ու Հայաստանի Հանրապետությունը երկու պետություն են, բայց մեկ հայրենիք։ Թուլացումն այստեղ անպայման ազդելու է հայոց պետականության վրա», ասել է Դավիթ Բաբայանը։

Կարելի է արձանագրել, որ Բաքվի պաշտոնական դիրքորոշումը մերժում է միջնորդների առաջարկած բանակցությունների օրակարգը, որը կարող է հանգեցնել խաղաղության համաձայնագրի ստորագրման: Բաքուն կտրականապես հրաժարվում է քննարկել Ղարաբաղի կարգավիճակը Ադրբեջանի «տարածքային ամբողջականության շրջանակներից դուրս»: Դա նշանակում է, որ կարգավորման սկզբունքները չեն դիտարկվում որպես մեկ ամբողջություն, եւ բանակցությունների հիմք չկա:

 

 

Հարց է ծագում, թե այդ դեպքում ինչու է Հայաստանը համաձայնվում բանակցել: Պաշտոնական Երեւանը, ըստ երեւույթին, փորձում է սեփական օրակարգն առաջ տանել, որը հիմնվում է տարածաշրջանային հրադադարի ու համագործակցության վրա՝ մինչեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:

«Այն պայմաններում, երբ Հայաստանի վարչապետը Եվրոպական խորհրդարանում հայտարարում է մեր տարածաշրջանում երկխոսության, հանդուրժողականության և փոխզիջման մշակույթի ներդրման անհրաժեշտության մասին, Բաքվից սպառնում են, որ կարող են իրենց հասարակությանը պատրաստել ոչ թե խաղաղության, այլ հիմնախնդրի այլ ձևերով հանգուցալուծման», – հայտարարել է Աննա Նաղդալյանը:

Դավիթ Բաբայանն էլ ասում է, որ համանախագահները հասկանում են, որ վաղ է խոսել վերջնական կարգավորման մասին, քանի որ այն հնարավոր է միայն բանակցություններին պաշտոնական Ստեփանակերտի մասնակցության դեպքում: Առայժմ դա նշանակում է, որ շեշտը դրվում է տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման վրա, ասում է Դավիթ Բաբայանը։

 

 

Be the first to comment on "Հայաստանն իր օրակարգն է թելադրում"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ