1992 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Արարատում տղամարդը ոսկու փոշու փոխարեն լատունի փոշի է վաճառել, ապա իր տանը սպանել է փողերը հետ պահանջող խաբված գնորդին

 

 

1992 թվականի հոկտեմբերի 3-ին Արարատի շրջանի բնակիչ Հակոբ Հ.-ն ընկերների հետշրջկենտրոնում էր: Ընկերներից՝ Մովսեսը առաջարկեց մինչև գյուղ գնալը հանդիպել հորեղբորորդուն՝ Վարդանին:

Ընկերախումբը համաձայնեց, գնացին Վարդանի տուն: Տանտերերը նրանց պատվին սեղան բացեցին: Հենց սեղանի շուրջ ծավալված զրույցի ժամանակ էլ տանտեր Վարդան Գ.-ն խոսք բացեց, թե ոսկու փոշի է ձեռք բերել, գնորդ լինելու դեպքում 1 գրամը 1700 ռուբլով կվաճառի:

Այն օրերի համար դա չափից ավելի էժան գին էր: Վարդանի առաջարկի մասին լսելով՝ նրա տանը հյուրասիրվող Հակոբ Հ.-ն մտքում արագ հաշվարկ կատարեց ու տեղնուտեղն ասաց, թե պատրաստ է գնել ոսկու փոշու 150 գրամը:

Սակայն Վարդան Գ.-ն Հակոբի ոգևորության վրա սառը ջուր լցրեց՝ ասելով, թե ունեցածը 710 գրամ ոսկու փոշի է՝ իր առաջարկած գինը «բիրիքով» գնորդի համար է՝ ամբողջն է վաճառում, մաս-մաս վաճառելու մտադրություն չունի:

Հակոբ Հ.-ն այնքան էր ոգեշնչվել ոսկու փոշին չափազանց էժան գնով ձեռք բերելու հեռանկարից, որ հաջորդ օրն իսկ սկսեց ամբողջ փոշին գնելու համար «թիմ» հավաքել իր ազգականներից:

Լեռնիկ Ս.-ն պատրաստակամություն հայտնեց միանալու Հակոբին, նա իր հերթին ևս երկու ազգականների ներգրավեց, որոնք պատրաստ էին գնել 100 և 120 գրամ ոսկու փոշի և համապատասխանաբար Լեռնիկին փոխանցեցին 170 հազար և 204 հազար ռուբլի:

Հոկտեմբերի 5-ին Հակոբ Հ.-ն Վարդան Գ.-ի ու նրա հորեղբորորդի Մովսեսի հետ՝ վերջինիս մեքենայով, ոսկու փոշու ամբողջ խմբաքանակով հանդերձ, մեկնեց հիմնական գնորդի՝ Լեռնիկի տուն:

Վերջինս զննեց առաջարկվող ոսկու փոշին, տնտղեց, ըստ վկաների՝ նույնիսկ հոտոտեց դեղին փոշին՝ առաջացնելով ներկաների ծիծաղը:

 

 

Լեռնիկի «ստուգիչ» գործողությունները բավարար համարելով, վաճառվող ոսկու փոշին մասնագիտական ստուգման չենթարկելով՝ կատարեցին առուվաճառքի գործարքը:

Լեռնիկը Վարդանին փոխանցեց 952 հազար ռուբլի՝ 560 գրամ ոսկու փոշու համար: Ոսկու փոշու մնացած՝150 գրամը գնեց Հակոբ Հ.-ն՝ Վարդանին վճարելով 252 հազար ռուբլի:

Առուվաճառքի մասնակիցներն ու գործարքին ներկա գտնվածները միմյանց ձեռք սեղմեցին ու բարեկամաբար հրաժեշտ տվեցին: Գնորդները գոհունակությամբ իրենց հետ տարան էժանով ձեռք բերված թանկ ոսկու փոշին, իսկ վաճառողը, ապրանքից ձերբազատված, գրպանում տարավ 1 միլիոն 204 հազար ռուբլի:

Բայց գնորդների ուրախությունը երկար չտևեց՝ շատ շուտով պարզվեց, որ խաբվել են, ոսկու փոշու փոխարեն, ոսկու գնով՝ պարզապես լատունի փոշի են գնել…

Հակոբն ու Լեռնիկն իրենց ամբողջ շրջանը տակնուվրա արեցին, բայց Վարդանին գտնել չկարողացան: Նրանք բռնեցին Վարդանի հորեղբորորդի Մովսեսի օձիքից, այնքան ճնշեցին, մինչև նա վերադարձրեց Վարդանի կողմից որպես վաճառքին նպաստած անձի՝ իրեն տված 145 հազար ռուբլին:

Մովսեսը նաև հայտնեց, որ իր իմանալով՝ Վարդանը մեկնել է Ջերմուկ՝ հաջող գործարքից հետո հանգստանալու…

Հակոբն ու Լեռնիկը սպասեցին Վարդանի վերադարձին: Ի վերջո, հանդիպեցին նրան, մեղադրեցին իրենց խաբելու համար: Վարդանն ասաց, թե ամբողջ գումարը… ծախսել է Ջերմուկում՝ սրտի ուզածի պես զվարճացել է… «Է, չխաբվեիք, եթե խաբվել եք, ուրեմն ձեզ հասնում ա…»,- խաբված գնորդներին իր պատասխանը տվեց Վարդան Գ.-ն:

Հակոբն ու Լեռնիկը որոշ ժամանակ դեռ Վարդանին խնդրում էին վերադարձնել իրենց փողերը, իսկ հետո, տեսնելով, որ խնդրանքներով արդյունքի չեն հասնում, անցան սպառնալիքների:

Վարդանը 1992 թվականի դեկտեմբերի 9-ին իր տանը հանդիպում նշանակեց Հակոբի հետ՝ ասելով, թե խոսելու են գումարը վերադարձնելու հարցով: «Դրանց գնալ-գալուց, ասել-խոսալուց նադայել եմ էղել, թող գան, վերջնական խոսանք»,- իր հորն ասել էր Վարդանը:

Դեկտեմբերի 9-ին Վարդանենց տանը՝ սեղանի շուրջ 5 տղամարդ էր նստած՝ Հակոբը, նրա եղբայրը, Վարդանը, նրա հայրն ու հորեղբորորդի Մանուկը՝ Մովսեսի եղբայրը:

 

 

Մոտ մեկ ժամ «ջուր ծեծեցին», ի վերջո Հակոբը չդիմացավ. «Ժամավաճառություն անելու հավես չունեմ: Պարզա ա՝ քո հետ ուրիշ լեզվով պիտի խոսանք, խոստանում եմ, որ երկար չես սպասի»,- Վարդանին սպառնաց Հակոբը՝ չկոնկրետացնելով, թե «ինչ լեզվով» է պատրաստվում խոսել, չկոնկրետացնելով որպես սպառնալիք հնչեցրած խոսքերը:

Բայց Վարդանը միգուցե հենց նման շրջադարձի էր սպասում: Նա հանդիպում նշանակելու պահին արդեն որոշել էր անելիքը՝ որոշել էր ֆիզիկապես ոչնչացնել իրեն պահանջներ ներկայացնող «տիզերին»: Նա Հակոբին անմիջապես պատասխան տվեց. «Երկար չենք էլ սպասի, հենց հիմա ձեր հարցերը կլուծեմ»:

Վարդան Գ.-ն անսպասելի Հակոբի ու նրա եղբոր վրա ուղղեց չգիտես՝ որտեղից ձեռքում հայտնված ինքնաձիգն ու երկու-երեք մետրից կրակահերթ արձակեց…

Հակոբ Հ.-ն տեղում մահացավ: Նրա եղբայրը 45 օր կռիվ տվեց ապրելու համար ու փրկվեց մահից… Երկու տարի անց նա դատարանում հանդես եկավ որպես ողջ մնացած տուժող:

Վարդան Գ.-ն սպանությունից հետո Հայաստանից փախավ: Հայտնաբերվեց Ռուսաստանում, Ռոստովից Հայաստան տեղափոխվեց 1993 թվականի մայիսի 10-ին:

Դատաքննության ժամանակ Վարդան Գ.-ն արդարացավ՝ չէի կրակի, եթե Հակոբը ինձ չսպառնար…

Վարդան Գ.-ն դատապարտվեց 15 տարի ազատազրկման, որից երեք տարին՝ բանտային ռեժիմով…

 

https://www.1in.am/2521363.html

Be the first to comment on "1992 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Արարատում տղամարդը ոսկու փոշու փոխարեն լատունի փոշի է վաճառել, ապա իր տանը սպանել է փողերը հետ պահանջող խաբված գնորդին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ