Նիկոլ Փաշինյանը պարտավոր է անել դա

 

 

«Եվրոպական միությունը լիարժեք պատրաստ է աջակցել Հայաստանին բարեփոխումների և ընդհանրապես զարգացման ծրագրեր իրականացնելու օրակարգում»,- կառավարության նիստի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ Եվրամիության հետ քննարկվում են մի շարք մեգանախագծեր, սակայն դրանց իրականացման հարցում կա մի առանձնահատկություն։ «Այս բոլոր ծրագրերի իրականացման գործում ստացանք ԵՄ-ի աջակցության պատրաստակամությունը, սակայն կա մի խնդիր, որ ԵՄ-ն պատրաստ չէ այդ ծրագրերի իրականացումն անել 100 տոկոսով և ակնկալում է, որ դրանում լուրջ մասնակցություն պետք է ունենա նաև Հայաստանի Հանրապետությունը: Մեր խնդիրն է պետական եկամուտների ավելացումը՝ վարչարարության միջոցով:

Այս համատեքստում կարևորվում է նաև արտաքին միջոցների ներգրավումը և դրանց առաջնային թիրախ ենք համարում ենթակառուցվածքները»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով. «Մենք նաև որոշակի օրենսդրական սահմանափակումներ ունենք ՀՆԱ-պետական պարտք հարաբերակցության վերաբերյալ: Ես ինքս, անկեղծ ասեմ, իմ պատգամավորական ողջ գործունեության ընթացքում, առանց բացառության, բոլոր վարկային համաձայնագրերին քվեարկել եմ դեմ, և դա ունեցել է շատ կոնկրետ քաղաքական հիմնավորում՝ ես ասել եմ, որ եթե կառավարությանը համարում եմ կոռումպացված, չեմ կարող այդ կառավարությանը վստահել որևէ միջոցի, առավել ևս վարկային միջոցի ծախսումը, և ցավոք, այս ընթացքում մեր ուսումնասիրություններն այդ քաղաքական դիրքորոշման արդարացվածությունը հիմնավորում են առնվազն մի քանի խոշոր ծրագրերի առումով: Եվ մենք այսօր պետք է պատասխանենք երկու հարցի՝ արդյոք մենք կարողանում ենք ստեղծել երաշխիքներ համակարգային, որ ընդհանրապես պետական միջոցները և վարկային միջոցներն առավել ևս ծախսվեն նպատակային, և եթե կարողանում ենք՝ արդյոք ո՞րն է այն պայմանը և սահմանագիծը, չափաբաժինը, որտեղ մենք կարող ենք պետական պարտքի մակարդակը պահել կառավարելի, առանց հավելյալ վտանգների, այսինքն՝ որպեսզի դա իրականում Հայաստանին բերի օգուտներ և երբեք որևէ վնաս»:

 

 

Նիկոլ Փաշինյանն իրականում բարձրաձայնել է կարևորագույն խնդրի մասին, որը Հայաստանի նախկին իշխանությունների ապաշնորհ կառավարման ամենաարտահայտիչ ցուցիչներից մեկն է։ Խոսքը վերաբերում է պետական պարտքին, որն այս տարվա վերջին հասնելու է գրեթե 7 միլիարդ դոլարի։ Այդ թիվը և ընդհանրապես պետական պարտք հասկացությունը հանրային ընկալման մեջ բացասական ասոցիացիաներ է առաջացնում ։ Առավել ևս՝ այդպիսի ասոցիացիաներ են առաջացնում նոր պետական պարտք ներգրավվելու, պետական պարտքն ավելացնելու մասին ցանկացած խոսակցություն։ Այդ ընկալումն ունի օբյեկտիվ հիմքեր, ինչի մասին խոսել է նաև Նիկոլ Փաշինյանը։ Անցած երկու տասնամյակների ընթացքում պետական պարտքը օգտագործվել է այնքան անարդյունավետորեն, որքան հնարավոր է միայն պատկերացնել։ Պետական պարտքի միջոցներով ստեղծվել են տասնյակ ԾԻԳ-եր ու ՊՈԱԿ-ներ, որոնք դարձել են իշխանության ստվերային սնուցման աղբյուրներ։ Պետական պարտքի համար վճարել է հասարակությունը, դրանից օգտվել են իշխանության հովանավորությունը վայելող պաշտոնյաները։ Պետական պարտքն այդպիսով անցած վարչակազմերի համար սեփական իշխանական համակարգը պահպանելու ու սնուցելու յուրահատուկ միջոց էր։ Հիմա, երբ Հայաստանում հաստատվել է ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն, որը պայքարում է կոռուպցիայի դեմ, պետք է փոխվեն նաև պետական պարտքի վերաբերյալ հանրային ընկալումները։ Իրականում պետական պարտքը տնտեսության խթանման ամենակարևոր ու կենսունակ միջոցներից է։

 

 

Դա է վկայում ինչպես դասական տնտեսագիտությունը, այնպես էլ բազմաթիվ զարգացած ու զարգացող երկրների փորձը։ Այսօր զարգացած տնտեսություններ ունեցող շատ երկրներ ունեն ՀՆԱ-ի հետ համեմատ Հայաստանից շատ ավելի մեծ պարտքային բեռ, բայց նրանց տնտեսություններին ոչ միայն ոչինչ չի սպառնում, այլ նրանք շարունակում են զարգանալ ու բարգավաճել։ Հետևաբար՝ խնդիրը ոչ միայն ու ոչ այնքան պետական պարտքի ֆիզիկական ծավալն է, որքան դրա օգտագործման արդյունավետությունը։ Եթե պետական պարտք վերցվում է հստակ ծրագրերով, եթե այդ պարտքի «տակ» դրվում են կոնկրետ նախագծեր, ապա այդ պարտքից ոչ միայն չպետք է վախենալ, այլ դրան պետք է վերաբերել որպես տնտեսության զարգացման կարևոր խթանի։ Կոնկրետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ենթակառուցվածքային ծրագրերը կամ մեգանախագծերը հենց այնպիսի նախագծեր են, որոնց համար, այո, անհրաժեշտ է նաև պետական պարտք ներգրավել ԵՄ-ի համաֆինանսավորումը ստանալու նպատակով։ Հաշվի առնելով պետական պարտքի նկատմամբ հանրային բացասական վերաբերմունքը, նոր պարտքեր ներգրավելու հարցում իշխանությունը, կարծեք թե, որոշակի կաշկանդվածություն ունի, ինչը զգացվում է նաև Նիկոլ Փաշինյանի խոսքում։ Սակայն սա այն հարցն է, որի լուծման համար իշխանությունը պետք է համապատասխան քաղաքական կամք ցուցաբերի՝ պետության համար երկարաժամկետ զարգացման ծրագրեր իրականացնելու ու այդպիսով տնտեսությունը խթանելու, իրական ներառական տնտեսական աճ ապահովելու նպատակով։ Նիկոլ Փաշինյանն ունի այն լեգիտիմությունը, որն անհրաժեշտ է նման սկզբունքային որոշումներ կայացնելու համար։ Նիկոլ Փաշինյանն ուղղակի պարտավոր է անել դա։

 

https://www.1in.am/2520839.html

Be the first to comment on "Նիկոլ Փաշինյանը պարտավոր է անել դա"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ