Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնը կնվիրվի Ավետ Տերտերյանի 90-ամյակին

 

Փետրվարի 20-ին կմեկնարկի Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնը։ Այն ամեն տարի նվիրվում է հայկական կոմպոզիտորական դպրոցի երախտավորներից մեկի հոբելյանին։ Տասներորդ հոբելյանական փառատոնն այս տարի նվիրվում է հայ մեծ կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի 90-ամյակին։ Փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի նպատակն է աժևորել մեր կոմպոզիտորների երաժշտական ժառանգությունը՝ ներկայացնելով նրանց ստեղծագործությունները հանրության լայն շերտերին։ Փառատոնի շրջանակներում թվայնացվում, ձայնագրվում են նաև այդ գործերը՝ նպաստելով հայկական երաժշտական ժառանգության պահպանմանը։ Ավետ Տերտերյանը 20-րդ դարի հայ մեծ կոմպոզիտորներից է, ԽՍՀՄ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր։ Տերտերյանը համարվում է նոր սիմֆոնիկ ոճի հիմնադիրը։ Նա առավելապես հայտնի է իր սիմֆոնիկ երաժշտությամբ. գրել է ութ սիմֆոնիա։ Նրա սիմֆոնիաներն իրենց նորարարական մեծ խիզախությամբ և հայկական հոգևոր երաժշտության մոնոդիաների ինքնատիպ կիրառմամբ նոր խոսք էին ոչ միայն հայկական կոմպոզիտորական արվեստում, այլև համաշխարհային երաժշտության մեջ (որոշ սիմֆոնիաներում Տերտերյանը օգտագործել է դուդուկ, զուռնա, թառ և այլն)։ Նրա գրչին են պատկանում նաև երկու օպերա, վոկալ, գործիքային և այլ ստեղծագործություններ։

https://m.mamul.am/am/news/143037/p1

Be the first to comment on "Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնը կնվիրվի Ավետ Տերտերյանի 90-ամյակին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ